slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Բյուրոյի փորձագետները մասնակցում են ENFSI-ի ձայնի նմուշների տվյալների եվրոպական բազայի ստեղծման աշխատանքներին

News_Image

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տեսաձայնագրային, ֆոտոտեխնիկական և դիմանկարային բաժնի փորձագետները մասնակցում են Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI-ի) «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի (FSAAWG) համատեղ հետազոտական աշխատանքներին, ինչպես նաև ԵՄ-ի և ENFSI-ի հետ համատեղ իրականացվող CERTAIN-FORS WP7 ծրագրին, որոնց նպատակն է զարգացնել ավտոմատացված եղանակով ձայնի նույնականացման արդյունավետությունը:
Հաշվի առնելով COVID-19 համաճարակի շրջանում պաշտպանիչ դիմակների մասսայական կրման պայմաններում ձայնային հատկանիշների փոփոխության հանգամանքը, ENFSI-ը նախաձեռնել է եվրոպական լեզուներով ձայնային տվյալների միասնական բազայի ստեղծում, ինչպես նաև դիմակի կրման պայմաններում արտաբերված խոսքի հատկանիշների ուսումնասիրություն:
Այս նպատակով Բյուրոյի համապատասխան ստորաբաժանման փորձագետները ակտիվորեն ներգրավված են «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի ձայնի նմուշների տվյալների բազայի ստեղծման գործընթացում՝ բազան համալրելով հայերեն ձայնի նմուշներով: Ձայնային տվյալների հավաքագրումը, բնութագրումը, տվյալների բազայի ձևավորումն ու փորձարկումը հնարավորություն կտա օպտիմալացնել խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների բնագավառի փորձագետների աշխատանքը, կբարձրացնի ծրագրային ապահովումներով ձայնի մշակման և նույնականացման գործընթացի արդյունավետությունը:
Ձայնային նմուշների տվյալների ընդգրկուն բազայի ձևավորումը կնպաստի նաև դատափորձագիտական ոլորտում, մասնավորապես աուդիո և խոսքի փորձաքննության բնագավառում եվրոպական ընդհանուր մոտեցումների և դրանց հիման վրա միասնական մեթոդների մշակմանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI-ի) «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի (FSAAWG) 24-րդ տարեկան աշխատաժողովը, որին մասնակցում էին ENFSI-ի անդամ երկրների երկու տասնյակից ավելի պատվիրակներ, որի շրջանակներում տեղի ունեցած քննարկումների և Բյուրոյի գիտահետազոտական պոտենցիալի դիտարկման արդյունքում որոշվեց Բյուրոյի փորձագետներին նույնպես ընդգրկել նշված հետազոտական աշխատանքներում։
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունից ENFSI-ի միակ և լիիրավ անդամը, մշտապես ձգտում է կատարելագործել իր փորձագիտական անձնակազմի հմտությունները, ապահովել նրանց լիարժեք ինտեգրումը եվրոպական մասնագիտական աշխատախմբերում, արդյունավետ կիրառել նորագույն գիտական նվաճումներն ու միջազգային առաջադեմ փորձը՝ ի նպաստ մեր երկրում դատափորձագիտական բնագավառի զարգացմանը, իրականացվող փորձաքննությունների գիտականորեն հիմնավորված և հավաստի արդյունքների ապահովմանը։

22 April 2024